Օրացույց / 2018-001-27

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս զորավարն, ըստ ավանդության` քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա է: Արվեստում, հատկապես, մանրանկարչության մեջ, Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս:

Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363թթ) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա, վերջինիս խորհրդով, անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար: Սակայն շուտով ձերբակալվել է` պարսկական զինվորների մեջ քրիստոնեություն տարածելու մեղադրանքով և, մերժելով արևապաշտությունն ընդունելու առաջարկը, իր Մարտիրոս որդու և 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել:

Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Գագա դաշտում հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի:

Սարգիսին են վերագրում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր: Հատկանշական է, որ հանրապետության տարբեր շրջաններում տոնը յուրովի է նշվում: Հայերի մեջ տարածված սովորույթ էր` Սարգիսին նվիրված պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան): Ուրախություն և հաջողություն էր սպասվում այն տանը, որի տանիքին դրված փոխինդին կդրոշմվեր Սարգիս զորավարի պայտը: Տոնի նախօրեին՝ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն այս փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:

Հայոց աշխարհի մի շարք շրջաններում այդ գիշեր աղի բաղարջ էին թխում: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում: Հետո շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ (մրգի զանազան տեսակներ, մի կտոր պանիր, դրամ և այլն), ծածկում այն խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում: Մրգեղենը` այգիներ, պանիրը` անասուններ, դրամը` հայրական տուն: Եթե այդ առարկաները աղջիկներին էին բաժին ընկնում, համապատասխանաբար նշանակում էր, որ նրա ամուսինը այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ կլինի և այլն:

Սուրբ Սարգսին նաև անվանում են Արագահաս: Քանի որ տոնը ձմռանն է, ժողովուրդն ասում է, որ նա իր ձիով օգնության է հասնում և փրկում բուքի մեջ ընկած կամ գայլերի հարձակմանը ենթարկված մարդկանց: Սուրբ Սարգիսն արագ հասնում է և փրկում է այն մարդկանց, ովքեր իր օգնությանն են դիմում և կանչում իրեն:

Ավանդությունը պատմում է, որ հռոմեացիների Հուլիանոս կայսրը կռվում էր հայերի դեմ: Հայերի կողմից նրա դեմ դուրս է գալիս Սուրբ Սարգիսը: Յոթ օր ու գիշեր առանց ուտելու ու խմելու կռվում էր քաջ Սարգիսը: Կռվելուց հետո քաղցն այնքան է ուժեղանում, որ նա մտածում է, թե որտեղից մի կտոր հաց ճարի: Այդ մտածմունքի ժամանակ հանկարծ քամի է բարձրանում և երկնքից նրա մոտ իջեցնում մի քանի ցորենի հասկ: Սարգիսը հավաքում է այդ հասկերը, տրորում ափերով և ուտում հատիկները: Քաղցը հագեցնելուց հետո Սուրբը դիմում է երկնքին, որ նա կատարի այն մարդու իղձը, ով տարվա մեջ յոթ օր պաս կպահի, իսկ ուրբաթ գիշերը փոխինդ կուտի:

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն՝ Սուրբ Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշեց կայսերական պալատում խնջույքով: Երբ բոլորը գինովցած քուն մտան, կայսեր կողմից 40 աղջիկներին պատվիրվեց սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործեցին իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը, քնած Սուրբ Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով, սիրահարվեց նրան և սպանելու փոխարեն համբուրելով արթնացրեց: Սուրբ Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս և ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից: Այս գեղեցիկ պատումն է, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Սուրբ Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոս-հովանավորը: Իր արագահասությամբ նա մշտապես օգնում ու սատարում է իրեն կանչող բոլոր երիտասարդներին:


ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ

Գերագույն պատվի արժանացար

Բարեխոսելու Բանն Աստծուն,

Աղոթքի ընդունող,

Խնդրանքների կատարող,

Արագահաս Սուրբ Սարգիս,

Բարեխոս մեր անձերի համար ի Քրիստոս:

Նրան` Բարձրյալին, վայել է փառք, իշխանություն և պատիվ,

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,

Ամեն:





Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին