Նորություններ

2018-05-31 | ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ 2-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Մայիսի 19-20-ին Հարավային Ռուսատանի Հայոց Թեմի «Արմատ» դպրոցում կայացավ Թեմի կիրակնօրյա դպրոցների մանկավարժների 2-րդ խորհրդաժողովը, որի նպատակն էր`

  • ավանդական դարձող ամենամյա խորհրդակցությունների և թեմական միջոցառումների արդյունքում «Վարդանյան» կենտրոնը դարձնել թեմի բոլոր աշակերտների և ուսուցիչների համար հայկական կրթությունն ու մշակույթը կոորդինացնող և զարգացնող դաշտ.
  • թեմի բոլոր կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական և մշակութային գործընթացները իրականացնել համատեղ, վերահսկելի ծրագրերով.
  • ձևավորել և զարգացնել ներթեմական կապեր, համախմբվածություն եկեղեցու, հավատի, ընդհանուր հայրենասիրական իդեալների, ազգային գաղափարախոսության շուրջ.
  • տեսանելի դարձնել հայեցի կրթության դժվարություններն ու խոչընդոտները և հնարավորինս օգնել դրանց հաղթահարմանը։

Խորհրդակցության աշխատանքներին մասնակից էին ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը, ՀԱԵ հոգևորականներ, 25 կրթական կազմակերպություններ ներկայացնող 45 պատգամավորներ։

Բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կրթական օղակը, աշխատանքի պայմանները և առաջարկությունները։

Խորհրդաժողովը ընդունեց հետևյալ բանաձևը՝

  1. Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի հայեցի կրթության բոլոր ջատագովների ջանքերով ձևավորել և զարգացնել համախմբվածություն եկեղեցու, հավատի, ընդհանուր հայրենասիրական իդեալների, ազգային գաղափարախոսության շուրջ։ Այդ նպատակով աստիճանաբար ձևավորել ընդհանուր մոտեցումներով և ծրագրերով համընդհանուր կրթական դաշտ։
  2. Ամրապնդել Հայոց հազարամյա քրիստոնեական հավատը, բոլոր կիրակնօրյա դպրոցներում դասապրոցեսի մաս դարձնել Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, անցկացնել բոլոր Տաղավար տոներին նվիրված միջոցառումներ, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել հայապահպանմանը։
  3. Հարավային Թեմի կիրակնօրյա դպրոցներում համակարգված լրացուցիչ կրթության հիմք համարել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ կողմից փորձագիտական քննության ենթարկված, լրամշակված և նախարարի հատուկ հրամաններով երաշխավորված «Արմատ» ծրագիրը՝ իր «Փոքրիկ Հայկ», «Փոքր Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Մեծ Մհեր» ուսումնական ձեռնարկներով։
  4. Խնդրելով ՀՀ ԿԳՆ օժանդակությունը՝ աշխատել Կրասնոդարի որևէ բուհում մեթոդական կաբինետ բացելու և նրա հիմքի վրա «Արմատ» դպրոցում Հայոց լեզվի, հայրենագիտության և հայ եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ՝ մասնագետներ հրավիրելով նաև Մայր հայրենիքից:
  5. Կրթական և դաստիարակչական բոլոր աշխատանքներով նպաստել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանն ու փոխըմբռմանը, հայ-ռուսական բարեկամության պատմական փաստերով և մշակույթով հարստացնել նրանց աշխարհայացքը։
  6. Հաշվի առնելով, որ ժամանակակից պատանին և երիտասարդը գերզբաղված են, իսկ հայերենը չունի այն գործնական նշանակությունը, ինչ որոշ օտար լեզուներ, ամուր ու կենդանի պահել մայրենի լեզվի մշակույթի և ավանդույթների նկատմամբ ակնածանքի հոգևոր հիմքը, երեխաներին գրավել բազմազան գեղարվեստական միջոցառումներով, հրապուրիչ էքսկուրսիաներով, ուխտագնացություններով, մրցույթներով։
  7. Մասնակցություն ունենալ բոլոր համահայկական միջոցառումներին, սերտացնել և կանոնավորել կապերը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունների, մշակույթի նախարարությունների և Սփյուռքի նախարարության հետ։
  8. Համագործակցել ՌԴ բարձրագույն կրթության, հանրակրթական և լրացուցիչ կրթության օղակների հետ, փորձել ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորված ծրագիրը և ուսումնական ձեռնարկները ճանաչելի և երաշխավորելի դարձնել նաև ՌԴ ԿԳՆ նախարարության կողմից։ Այս նպատակին հասնելու համար հիմնավորված ծրագրային նամակներով դիմել ՀՀ ԿԳ նախարարին, ՌԴ, Կրասնոդարի և Ստավրոպոլի ԿԳ նախարարներին։
  9. Թեմի «Արմատ» դպրոցում ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակման, վարպետության դասերի օրեր ուսուցիչների համար։
  10. Բոլոր կիրակնօրյա դպրոցների և հայագիտական խմբակների լավագույն աշակերտներին ուսումնական տարվա վերջում պարգևատրել Թեմի առաջնորդի կրթության վկայականով։