Նորություններ

2018-06-01 | «ՆԱՐԵԿ» ՀԱՄՈՒՅԹԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Նարեկ» համույթի հերթական համերգը՝ «Արմատ» համերգային դահլիճում, նվիրված էր հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին։ Մայիսյան համահայկական տոներին Կրասնոդարում միանում է ևս մեկը՝ քաղաքի առաջին խաչքարի տեղադրման օրը՝ ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում։ 25 տարի առաջ, 1993թ. մայիսի 8-ին Կրասնոդարում նոր հոգևոր-մշակութային կյանքի սկիզբը դրվեց։ Տարին կրկնակի հոբելյանական է, համերգային ծրագիրը՝ բազմերանգ և հարուստ։

«Վարդանյան» կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս Թաշջյանը աղոթքով և մաղթանքով բացեց միջոցառումը։

Հաղորդավար Վազգեն Աբելյանը, որ ժամանակին «Արմատ» դպրոցի սան էր, այժմ էլ Եկեղեցասիրաց Երիտասարդաց Միության կազմակերպիչներից մեկը, համար առ համար մեկնաբանում էր ժողովրդական պարի խորհուրդն ու հմայքը։

Պարերի, երգի ու ասմունքի մի ամբողջ շարք փառաբանում էր Հայաստան աշխարհի միասնության և քաջության հաղթանակը Ավարայրում և Սարդարապատում, մի այլ պրակ հանդիսատեսին ոգևորեց հայի աննկուն ոգու Շուշիում գործած հրաշքով և ազատ Արցախի կայացման անկրկնելի փաստով, իսկ երրորդ մասը փառաբանեց խաչքարի հավերժության իմաստն ու քաղաքամայր գեղեցկուհի Երևանի 2800-ամյա հոբելյանը։

Տասնյակ նարեկցիները, ըստ տարիքի, խմբավորված են կրտսեր, միջին և ավագ խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տասնյակ ավանդական և նորաստեղծ պարերը։

«Նարեկ» համույթի տնօրեն Ամալյա Մոսինյանը և գեղարվեստական ղեկավար Աննա Մոսինյանը իրենց մասնագիտական վարպետության, հայրենիքին նվիրվածության և բծախնդիր աշխատասիրության արդյունքում ստեղծել են հայաշունչ համույթ, վաստակել տասնյակ միջազգային դափնիներ և ամենօրյա աշխատանքով շենացնում են ոչ միայն «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնը, այլև Կրասնոդարի հայկական մշակութային կյանքը։