Նորություններ

2018-08-01 | ՀՈՒԼԻՍԻ 4-8-Ը ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2018թ. հռչակվել է երիտասարդության տարի: Հուլիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հավաքը: Ավելի քան քսան երկիր ներկայացնող մոտ չորս հարյուր երիտասարդներ իրենց հոգևոր պատասխանատուների հետ միասին հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի հետ: Այս տարի Հարավային Ռուսաստանի Երիտասարդաց Միության ներկայացուցչական կազմը, թեմակալ առաջնորդ Գրշ. Տ. Մովսես եպս. Մովսեսյանի օրհնությամբ և արժ. Տ. Գևորգ քհն. Միրզոյանի պատասխանատվությամբ, ներկայացավ Կրասնոդարի, Պաշկովկայի, Սոչիի, Արմավիրի, Անապայի, Ստավրոպոլի, Գեորգիևսկի, Բելորեչենսկի, Մայկոպի ծխական համայնքների եկեղեցասեր երիտասարդների մեծաթիվ խմբով:

Հուլիսի 4-8-ը աշխարհասփյուռ թեմերից ժամանած երիտասարդները այցելեցին նվիրական և սրբազան վայրեր՝ Ծիծեռնակաբերդ, Օշական, Սարդարապատ, աղոթակից եղան սրբազան վանքերում (Կեչառիս, Հաղարծին), շփվեցին մյուս թեմերի երիտասարդների հետ, ներշնչվեցին հայրենիքի մարտահրավերներով, հոգևոր զրույցներ ունեցան հոգևոր սպասավորների հետ: ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գրշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը նշեց իր խոսքում, որ աշխարհով ցրված թեմական կառույցներից երիտասարդներն ուխտագնացության են եկել Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց հոգիներում նորոգելու հայրենասիրության, եկեղեցասիրության և ասվածասիրության վեհ զգացմունքները, եկել են աղոթքով նորոգվելու և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ զորանալու և վերադառնալու իրենց բնակավայրեր:

ՀԵՀԵՄ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում կազմակերպվել էին հանդիպումներ՝ հուլիսի 7-ին՝ ՀՀ մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանի, և հուլիսի 8-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երկու հանդիպումներն էլ անցան ջերմ մթնոլորտում, եղան երիտասարդներին հուզող հարցադրումներ և քննարկումներ:

Հուլիսի 8-ին՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որով ամփոփվեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը: Պատարագիչն էր Հայ եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գրշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը: Քարոզի ավարտին երիտասարդներն ընթերցեցին իրենց ուխտագիրը. «Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Եվ այժմ, ուխտագնացության մասնակիցներս, Սուրբ Էջմիածնի մշտանորոգ օրհնության ներքո և ներկայությամբ Մայր Աթոռիս ազգընտիր գահակալի, հոգևոր դասի և համայն հավատացելոց՝ ուխտում ենք լինել Աստծո պատվիրաններին հետևող և մեր կենդանի հավատքը բարի գործերով փաստող ճշմարիտ քրիստոնյաներ: Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Հավատքի ճշմարիտ գիտակցությամբ ուխտում ենք հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ դավանությանը, զորավից լինել Հայոց պետականության հզորացմանը, նախանձախնդիր՝ ազգային ինքնության և մեր նախնյաց կտակած մնայուն արժեքներին: Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին՝ աղոթքով պայծառակերպված, երիտասարդական ավյունով առլեցուն, բարձր գիտակցությամբ, միասնականության ոգով՝ մեկ անգամ ևս հավաստելու մեր անսահման սերը դեպի սրբազան Երկիրն Հայրենի և Սուրբ եկեղեցին: Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Մեր սերն ու հավատարմությունն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին և խոստանում առավել նվիրումով մեր նախանձախնդիր ծառայությունը բերել ի խնդիր Եկեղեցու և Հայրենիքի պայծառության և շինության: Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Սուրբ Էջմիածինը ծննդավայրն է մեր սրտի և հոգու, հանդիպման վայրը՝ Աստծո և մարդկանց:Որպես հարազատ զավակներն այս Սուրբ եկեղեցու, աղոթում ենք, որ Աստված անսասան, ծաղկուն և բարգավաճ պահի սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ զորացնելով մեզ հավատքի, սիրո և եղբայրասիրության մեջ, որպեսզի դառնանք հայրենասիրության և նվիրումի անսպառ աղբյուր: Ամեն»:

Պատարագի ավարտից հետո, ՀԵՀԵՄ երիտասարդները մասնակցեցին Վարդավառի ժողովրդական տոնախմբություններին:

Հուլիսի 9-ին՝ ՀԵՀԵՄ-ի համահայկական երիտասարդական հավաքի ավարտից հետո, Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Երիտասարդաց Միության պատասխանատու արժ. Տ. Գևորգ քհն. Միրզոյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները մեկնեցին ուխտագնացության Խոր Վիրապ, ապա՝ Նորավանք, որտեղ ուխտավորները հանդիպեցին Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր՝ հոգեշնորհ Հայր Զարեհ Կաբաղյանի հետ, առ Աստված միասնական աղոթք բարձրացրեցին, ապա Հայր Սուրբի հետ հաղորդակից եղան, շրջեցին վանական համալիրում: Հետո խումբը մեկնեց ք. Ջերմուկ, ուխտավորները Ջերմուկի նորաօծ Սուրբ Գայանե եկեղեցում «Սուրբ Աստված» և «Տեր, ողորմեա» շարականները երգեցին, ծանոթացան հոգևոր հովվի՝ արժ. Տ. Գալուստ քհն. Սահակյանի հետ: Վերադարձան ուխտավորները նվիրական ու սրբազան վայրերից՝ իրենց հետ բերելով անմոռանալի հուշեր, մեծ ոգևորությամբ, հավատով նորոգված ու զորացած, սպասումով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերած սերն առ Աստվածն ու եկեղեցասիրությունը փոխանցելու են մյուսներին: