Նորություններ

2019-01-12 | ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հունվարի 5-ի երեկոյան Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ. Տեր Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի, մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը արժատապատիվ Տեր Գևորգ քահանա Միրզոյանն էր: Տեր Հայրը հավուր պատշաճի խոսեց քարոզ, որում մասնավորապես ասաց. «Հիսուսի ծնունդով երկինք ու երկիր հաշտվեցին, Աստված խոնարհվեց և ծնվեց մսուրի մեջ, որպեսզի մարդը հոգեպես վերածնվի, ահա այս է Քրիստոսի փրկագործության մեծ և սքանչելի խորհուրդը: Խաղաղության պատգամով ծնվեց Հիսուս, խաղաղություն քարոզեց իր ողջ կյանքի ընթացքում և խաղաղության ու սիրո կտակը շուրթերին ավանդեց իր հոգին Գողգոթայի խաչի վրա: Ինչպես Պողոս առաքյալն էր ասում՝ մեր Աստվածը ոչ թե խռովության Աստվածն է, այլ՝ խաղաղության Աստվածը...։» Ապա Տեր Հայրը մեջբերեց երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն 1-ի խոսքերը, որոնցով Վեհափառ Տերը Սուրբ Ծննդյան պատարագներից մեկում դիմել էր հավատացյալներին. «Խաղաղություն Ձեզ, սիրելի հավատացյալներ, խաղաղություն Ձեր սրտերին և Ձեր մտածումներին, խաղաղություն Ձեր տներին և ընկերներին ու բարեկամներին, խաղաղություն Ձեր գործերին, մեր սուրբ եկեղեցուն և մեր ժողովրդին, խաղաղություն մեր Հայրենիքին և համայն աշխարհին. Ամեն»:

Պատարագին ներկա էին Թեմական Խորհրդի ատենապետը՝ տիար Մարտին Հովհաննիսյանը, Թեմական Խորհրդի անդամներ, ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի նախագահ տիար Ռազմիկ Գևորգյանը, հարյուրավոր հավատացյալներ: Հավարտ պատարագի կատարվեց թեմի Առաջնորդարանի Տնօրհներքի կարգ, որի ժամանակ օրհնվում է աղը, ջուրն ու հացը՝ ի նշան բարօրրության և խաղաղության:

Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Սրբազան Հայրը: Նա հավատավոր ժողովրդին փոխանցեց Վեհափառ Հայրապետի Սուրբ Ծննդյան պատգամը և ապա օրհնեց ներկա հավատացյալներին՝ մաղթելով նրանց, որ ապրեն սիրով և խաղաղությամբ, մնան հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր սիրելի հայրենիքին և Արցախին:

Հավարտ պատարագի Թեմակալ Առաջնորդը կատարեց Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Արարողության ավարտին Սրբազան Հայրը կրկին շնորհավորեց հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի առիթով և ներկայացրեց Ջրօրհնյաց Խաչքավոր Արթուր Խաչատուրովին։ Մաղթելով նրան ուժ, կարողություն իրեն վստահված բարձր առաքելության մեջ՝ Սրբազան Հայրը հանձնեց նրան Սուրբ Խաչը, որն ավանդույթի համաձայն որոշ ժամանակ կմնա Խաչքավորի տանը:

Հավարտ Պատարագի Թեմակալ Առաջնորդը քահանա հայրերի ուղեկցությամբ և Թեմական Խորհրդի անդամների, բարերարների, խաչքավորների հետ ներկա գտնվեցին «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի սաների կողմից կազմակերպված «Սուրբ Ծննդյան Հրաշքը» հանդիսավոր ներկայացմանը, որը կազմակերպել էր «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Գոհար Մխիթարյանը: