Նորություններ

2019-03-28 | ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՐԲԱՏԱՌ ԿՈՆԴԱԿԸ

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Թեմի հոգևոր սպասավորները, Թեմական խորհրդի անդամները, բարերարները և Ռուսաստանի Հայերի Միության Կրասնոդարի երկրամասի մասնաճյուղի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում Մովսես Սրբազանին հանձնվեց Արքության Պատվի Հայրապետական Սրբատառ Կոնդակը: Դեռևս փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Վեհափառ Հայրապետի կողմից Մովսես Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների վաստակի և նվիրյալ ծառայության:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Պարույր քահանա Ավետիսյանը:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը, որում մասնավորապես ասված է.

«Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում և Զագորսկի Հոգևոր Ակադեմիայում ավարտելով Ձեր հոգևոր ուսումնառության ու պատրաստության շրջանը՝ Դուք Տիրոջ կանչով նվիրվեցիք Ավետարանի լույսը մեր ժողովրդի կյանքում տարածելու սրբազան գործին՝ որպես կուսակրոն հոգևորական Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի օրհնությամբ Դուք հովվական ծառայության կոչվեցիք Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում, ապա օրինակելի նվիրումով վարեցիք Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնը` Ձեր պարտականությանց մեջ միշտ դրսևորելով ծառայական մշտարթուն ոգի և աննվազ նախանձախնդրություն՝ հանդեպ մեր Եկեղեցին և Քրիստոսասեր մեր ժողովուրդը:

Ձեր ծառայագործությունը առավելաբար արդյունավոր եղավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում, ուր, որպես առաջնորդ, պաշտոնավարում եք շուրջ քսան տարիներ: Մենք ուրախ ենք մեծապես, որ Դուք կարողացել եք շահել հավատավոր հայորդիների սերն ու գնահատանքը և միավորել նրանց ջանքերը` հանուն Տիրախնամ թեմում հոգևոր վերազարթոնքի: Այս տարիների ընթացքին Ձեր քաջալերանքով և նախաձեռնությամբ թեմում կառուցվել են նոր եկեղեցիներ, իրագործվել բազում եկեղեցաշեն ու ազգանվեր ծրագրեր` շինություն և պայծառություն հավելելով Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցուն»:

Հայրապետական կոնդակի հրապարակումից հետո Նորին Սրբությունն այն հանձնեց Մովսես Սրբազանին, ապա նրան ընծայաբերեց նաև Եպիսկոպոսական Պանակե:

Թեմի համար ոգևորիչ այս առիթով իր սրտի խոսքն ասաց Թեմական խորհրդի ատենապետ տիար Մարտին Հովհաննիսյանը: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին շատ ուրախալի և անսպասելի արարողության, ինչպես նաև երիտասարդ իրենց թեմի նկատմամբ դրսևորվող հայրական ուշադրության համար` հավաստիացնելով, որ մշտապես ջանում են իրենց ծառայությամբ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի պատիվը բարձր պահել:

Իր ապրումները ներկաներին փոխանցեց նաև Գերաշնորհ Մովսես արքեպիսկոպոսը: Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի արժանացնելու համար` Սրբազանը վերհիշեց թեմում իր նշանակումը` հաստատելով, որ առաջնորդության շուրջ քսան տարիների ընթացքում փորձել է իր հոգևոր ու մտավոր կարողություններն առավելագույնս ծառայեցնել թեմի հոգևոր և ազգային կյանքի զարգացմանը: Մովսես Սրբազանը նաև ընդգծեց, որ այս պատվով ավելի է մեծանում պատասխանատվությունը և շատանում պարտականությունները, որոնք պիտի կատարի սիրով և հանձնառությամբ:

Հանդիպումն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Ողջունելով թեմի ներկայացուցչական պատվիրակությանը` Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ Մովսես Սրբազանի տարիների վաստակին, խոնարհ, նվիրյալ ծառայությանը, որով ջանքեր է գործադրել, որպեսզի զորանա հոգևոր կյանքը, պատշաճ խնամք ցուցաբերվի Հարավային Ռուսաստանում բնակվող հայորդիների նկատմամբ, ապրեն հավատարիմ իրենց ազգային ինքնությանը, հոգևոր-ազգային արժեքներին ու ավանդներին: Խոսելով Ռուսաստանում հայոց ներկայության շուրջ հազարամյա պատմության և ազգային ավանդույթների պահպանության անհրաժեշտության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորությամբ ընդգծեց, որ եկեղեցին է, որ պետք է համախումբ պահի մեր ժողովրդին այդ արժեքների շուրջ, արթուն պահի հայ ոգին ու գիտակցությունը, որպեսզի հպարտ ապրեն իրենց ազգային ինքությամբ:

Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ թեմն առավել զորանում և զարգանում է` ընդլայնելով իր հոգևոր-ազգային գործունեությունը: Գոհունակություն հայտնելով Կրասնոդարի Մայր Եկեղեցու կառուցման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց բոլոր այն անձանց, ովքեր կարելիի շրջանակներում աջակցում են Հարավային Ռուսաստանում շեն ու պայծառ հայոց կյանքի կերտման սրբազան գործին:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերն Իր շնորհները հեղի հայորդիների կյանքից ներս և առատացնի հայրենաշեն ու եկեղեցանվեր բարի գործերը:


Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։