Նորություններ

2019-09-12 | ՆԱՐԵԿ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈԻՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանում 2019 թվականի հուլիսի 15-23-ը կայացավ «Նոր Հայաստան» փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակին։ Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստան – Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը, սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, հայրենիքի և սփուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը և նոր նախագծերի մշակմանը։

Փառատոնի բացումը տեղի ունեցավ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Փառատոնին իր փայլուն մասնակցությունն ունեցավ «Նարեկ» մանկապատանեկան համույթը։

«Նարեկ» համույթը համերգային ծրագրերով հանդես եկավ Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Գյումրի, Սպիտակ, Արմավիր, Վանաձոր։ Սպիտակում կազմակերպվեց բարեգործական համերգ, որից դրամական օգնություն ցուցաբերվեց Սպիտակի վերականգնողական կենտրոնի հիմնադրամին։

Փառատոնին զուգընթաց՝ ծրագրից դուրս, համույթի ղեկավար Ամալյա Մոսինյանի կողմից կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հայաստանի մի շարք հոգևոր կենտրոններ՝ Խոր Վիրապ, Էջմիածին, Սաղմոսավանք, Գառնի, Գեղարդ, Գյումրու Սուրբ Յոթ Վերք կամ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի։

«Նարեկ» համույթի բոլոր անդամները ցնծության մեջ էին, երբ իմացան, որ փառատոնի ղեկավարության կողմից իրենց երախտագիտությունն են հայտնել Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսեսյանին, օտար երկրում՝ հայրենիքից դուրս, ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները խորապես պահպանելու համար։

Պատանի նարեկցիները և նրանց ծնողները, մեծ բավականություն ստանալով, Հայաստանից պատվոգրերով և շնորհակալագրերով վերադարձան Կրասնոդար։