Նորություններ

2020-01-15 | ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ «ԿԱՆԹԵՂ» ԵՐԳԵՑԻԿ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «CHORUS INSIDE INTERNATIONAL» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

2019թ. նոյեմբերի 29-ին Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանի օրհնությամբ Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու «Կանթեղ» երգեցիկ խումբը (խմբավար՝ Արեն Ավետյան), Հոգևոր Հովիվ Տեր Հարություն ավագ քահանա Բայադյանի պատասխանատվությամբ Պաշկովկա օդանավակայանից մեկնեց Մոսկվա՝ Դոմոդեդովո օդանավակայան ու այնտեղից՝ Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Երգչախմբերի և մենակատարների «Chorus Inside International» 40-րդ հոբելյանական միջազգային փառատոնին, ինչպես նաև ներկայացնելու 45 րոպեանոց համերգային ծրագիր՝ նվիրված մեր մեծագույն երաժիշտ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Դոմոդեդովո օդանավակայանի սպասասրահում հավաքված ուղևորների անհանգիստ սպասումներն ու հոգնածությունը փոխվեցին զվարթության և ուրախության, երբ նստարանների շարքից հնչեց Կոմիտասի անկրկնելի կատակերգը «Հինգ էծ ունեմ»: Տեսնել էր պետք, թե որքան տեղին էր և ինչպիսի ջերմ ընդունելության արժանացավ այն: Սպասասրահից շատերը շրջապատել և «բիս» էին վանկարկում:

Ուրախ և լավ տրամադրությամբ վայրէջք կատարեցինք Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանում, որտեղից ավտոբուսով մեկնեցինք Հռոմի Լացիոնի շրջանի մեր ամրագրած «Անդրեոտի» հյուրանոցը: Ֆիումիչինոյից մինչև Հռոմի դարպասները մեզ ուղեկցում էին Հռոմի նշանավոր ձիթենու ծառերը, որոնք տարվա այս եղանակին կանաչ էին, ինչպես գարնանը: Հարմարավետ հյուրանոցում տեղավորվելուց հետո քայլեցինք Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի, որը բավականին մոտ էր գտնվում մեզ, մոտ 20 րոպե քայլելու ճանապարհ: Այնտեղ մեզ դիմավորեցին Հոգևոր Հովիվ Հայր Նարեկը, երգչուհի Մարինե Գրիգորյանը, մեր բարեկամներ Պողոս Քանանյանը, Արմեն Սարգսյանը և հայ համայնքի անդամներ: Ի դեպ, մեզանից մի քանի օր առաջ այստեղ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մենք հետարքրքությամբ ծանոթացանք Սուրբ Նիկողայոս եկեղեցու պատմությանը (XIX դ.), այցելեցինք նրա հարևանությամբ գտնվող Լևոնյան վարժարանը: Եկեղեցում խմբավար Ավետ Ավետյանի նշանով երգեցիկ խումբը կատարեց Կոմիտասի «Սուրբ-սուրբ», իսկ վերջում՝ բոլորս միասին երգեցինք «Հայր մեր», ապա ճանապարհվեցինք հյուրանոց՝ հանգստանալու և պատրաստվելու փառատոնի բացմանը:

Նոյեմբերի 30-ի առավոտյան, նախաճաշից հետո, մենք ոտքով քայլեցինք դեպի Վի-Արցա դելլա Ռոտոնդա հրապարակ, որտեղ գտնվում է Հռոմի կայսրերի պանթեոնը: Այնտեղ ժամը 12-ին փառատոնի կազմակերպիչները հայտարարեցին մրցույթի բացման մասին և, համաձայն կարգի, յուրաքանչյուր մասնակից-երգչախումբ մեկական ստեղծագործություն կատարեց իր երգացանկից:

Խմբավար Արեն Ավետյանի ղեկավարությամբ «Կանթեղը» կատարեց Կոմիտասի «Հայր մեր», որն ընդունվեց մեծ ջերմությամբ: Մեծ երաժշտի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգն ընտրված էր գերմանախոս կաթողիկների Սանտա Մարիա-դէլ-Անիմա եկեղեցում, նույն օրը երեկոյան 20։00-ին:

Մենք մի քանի ժամ ունեինք մեր տրամադրության տակ և Հռոմի կենտրոնում՝ սրճարաններից մեկում, վայելեցինք իտալական նշանավոր պիցցաները՝ ձկով, սնկով, սալյամիով և էլի մի քանի տեսակ: Կարծում եմ, պետք է անձամբ ճաշակել, նկարագրելը օգուտ չունի: Այդպես:

Երեկոյան եկեղեցին լի էր հայ համայնքի ներկայացուցիչներով, ներկա էին և տեղացիներ, պրոֆեսիոնալ երաժիշտներ, դիրիժորներ, հյուրեր: Անպատմելի են առանձին համերգի մեր հուզումներն ու ապրումները և անսպասելի՝ օտար երաժշտասերների կոմիտասյան հնչյունների ընկալումները: 45 րոպեանոց համերգային ծրագիրը կարծես ավարտվեց 45 վայրկյանում: Ի դեպ, նշեմ, որ այդ համերգում երգեցիկ խմբի հետ մենակատարեց հրաշալի երգչուհի Մարինե Գրիգորյանը՝ ներկայացնելով Կոմիտասի նշանավոր «Կռունկը»:

Մենք բոլորս էլ անչափ հուզված էինք համերգի թողած տպավորությունից և դեռ երկար ժամանակ ոչ ոք չէր հեռանում եկեղեցուց, նկարագրում էին իրենց հույզերն ու ապրումները:

Հաջորդ օրը՝ փառատոնի բացման օրը ոտքով քայլեցինք Սուրբ Անդրեաս առաքյալի փառահեղ տաճար, որտեղ տեղի էր ունենալու երգչախմբերի և երգեցիկ խմբերի ելույթները: Տաճարը լեփ-լեցուն էր մասնակիցներով, ուխտավորներով, երաժշտասերներով:

Ժյուրիի նախագահը փառատոնի բացման ժամանակ կարդաց Հռոմի Ֆրանչեսկոս Պապի օրհնության գիրը՝ ուղղված փառատոնի մասնակիցներին:

Երգչախմբային երգի անվանակարգում 14 ելույթ էր հայտարարված: Մենք պետք է ելույթ ունենայինք վերջում: Շատ լավ տպավորվեց Վարշավայի բժշկական համալսարանի 50 հոգիանոց երգչախումբը:

Հայտարարվեց «Կանթեղ» Կրասնոդար, ապա, ինչ-որ բան հաղորդավարի մեջ տեղի ունեցավ ու նա ավելացրեց Հայաստան (Армения), ու այդպես Հայաստանով, Հայաստանի հետ մենք կատարեցինք Կոմիտասի չքնաղ երգերից մեկը՝ «Ել-ել»-ը, որում այնքան հույս ու հավատ կա, այսօրվա ու վաղվա օրվա, մեր ու մեր ազգի ապրելու ու գալիք լավագույն օրերի նկատմամբ: Երգն ավարտվեց, ու դադարը երկար ստացվեց, հանդիսականը մինչև վերջ վայելեց կոմիտասյան հնչյունների թողած թրթիռները...

Հետո միայն Սուրբ Անդրեասի տաճարը լցվեց ծափերով և ողջույնններով: Ի դեպ, Տեր Հարություն ավագ քահանան մեզ պատմեց, որ ժյուրիի երեք անդամներ զրույցի ժամանակ զարմանք ու ափսոսանք են հայտնել, որ իրենց երաժշտական դասագրքերում Կոմիտասը Բախի, Մոցարտի, Բեթհովենի հետ միասին չեն դասավանդում:

Երեկոյան ժամը 20։00-ին մենք նորից եկանք Սուրբ Անդրեաս եկեղեցի, որտեղ պիտի հայտարարվեին մրցույթի արդյունքները: Այդ տաճարում Աստվածաշնչյան սրբապատկերները շատ էին, և ես նոր միայն նկատեցի, որ խորանը զարդարում է Սուրբ Անդրեաս առաքյալի նահատակության պատկերը: Նա այնքան հանգիստ էր, վստահ, իր հավատքում որքան զորեղ, այնքան ճշմարիտ: Մտածումներս ընդհատվեցին, և ժյուրիի նախագահը հայտարարեց մենակատարների մրցույթի արդյունքները: «Գրան Պրիի»՝ Նելլի Ազիզյան, Կոմիտաս «Ծիրանի ծառ», Ոսկե մեդալ՝ Լիլիթ Առուստամյան, Կոմիտաս «Գարունա», Ոսկե մեդալ՝ Մարիտա Մովսիսյան. Կոմիտաս «Դլե յաման», մաեստրո Արեն Ավետյանը պարգևատրվեց փառատոնի «Լավագույն երաժիշտ» անվանակարգովմ: Այդ երեկոն «Կանթեղինն» էր:

Եվ մենք բոլոր պարգևները, մեր ուրախությունը, հիացմունքը, սերը փոխանցում ենք հայ երգի ակունք, հանճարեղ, աննման Կոմիտաս մեծ վարդապետին, այստեղ՝ Հռոմում «երգի մայրաքաղաքում»:

«Chorus Inside International» փառատոնում մենք միակ հայկական երգեցիկ խումբն էինք և ամեն ինչ արեցինք բարձր պահելու հայ երգի, մեր հայրենիքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Հայրապետի, մեր մեծերի և երախտավորների անունն ու պատիվը, որոնց օրհնությունը և զորակցությունը զգում էինք ամենուր: