Նորություններ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար
տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Սուրբ Պետրոս, Սուրբ
Հակոբոս և Սուրբ Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի
պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա
զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս
9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված
Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Սուրբ Եղիա մարգարեի հետ: Սուրբ Ղուկաս
ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի
դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից
զմայլված՝ Սուրբ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ
մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը` Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:
Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում
է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով
գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի
մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու
Տիրոջը հայտնվեցին Սուրբ Մովսես և Սուրբ Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո
տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ
19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես
էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:
Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի
ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ
Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու
մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային` ողջերի:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի
ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք
խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի
ընտանիքի փրկությունը, Նոյի
աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն
Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական
անվանումը, հավանաբար, գալիս
է վարդաջուր լցնելու սովորությունից:
Սուրբ Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես
վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում
է բոլորին, այնպես
էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր Աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց
Իր Աստվածությունը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ
հաջորդ օրն, ինչպես
տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց
է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնոդանիստ եկեղեցում հուլիսի 19-ին մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Միրզոյանը: Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի մասին: Հավարտ Պատարագի՝ կատարվեց ջրի օրհնության կարգ, ինչին հաջորդեց ավանդական ջրոցին՝ ազգային երաժշտության և միասնական շուրջպարի ուղեկցությամբ։
Մանրամասները՝ ֆոտոշարքում: