Նորություններ

2021-04-29 | ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:

Ապրիլի 24-ին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո կատարվեց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսության կարգ:

Հնթացս Սուրբ և Անմահ Պատարագի ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով.

«Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։

20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։

Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։

Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց»:

Հավարտ պատարագի Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների սրբադասմանը նվիրված խաչքարի և Ծիծեռնակաբերդ հուշահամալիր-մակետի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում: Թեմի Եկեղեցասեր Երիտասարդական Միությունը «Արմատ» դպրոցի և «Նարեկ» համույթի սաների հետ միասին կազմակերպել էր Սուրբ նահատակների ոգեկոչման և հիշատակի միջոցառում, որից հետո «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի դահլիճում ներկաներն ու հյուրերը դիտեցին «Արմատներ» փաստավավերագրական ֆիլմը: