Նորություններ

2021-10-27 | ՕԾՎԵՑ ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

«Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս….»

Վ. Թեքեյան

Քրիստոնյա հայը, աշխարհի որ ծագերում էլ որ ծնված լինի, իր հայրենիքի հետ լինելու, մայրենի լեզվով խորհելու, աղոթելու, հայերեն ապրելու համար, կառուցում է հայի «Հոգու ծննդավայր» եկեղեցին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական օրհնությունը խաչակերպ սփռված է յուրաքանչյուր խաչակիր գմբեթի վրա և, որ երկրում էլ գտնվելու լինես, այն հպվում է հոգուդ և հանց բարեխոսություն, խունկի բույրի հետ հասնում Արարչին:

Այս խոկումով էլ ՌԴ Կրասնոդար երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի հայ բանակչությունն ու հարակից քաղաքներից եկած ուխտավորները աղոթքի կանգնեցին, սրտի անուշ հուզումով ականատեսը լինելու իրենց աչքի առաջ շուրջ քսան տարի, հիմնարկեքից մինչև խորանի տակ գտնվող օծված քարը, սյուների և երկհարկյա պատերի կառուցումը, չորս գմբեթների բարձրացմանն ու խաչերի տեղադրումով հաստատվող սպասված եկեղեցու հանդիսավոր օծման արարողությանը:

2021թ. հոկտեմբերի 16-ին տոն էր ինչպես Նովոռոսիյսկի հայ բնակչության, այնպես էլ այն կառուցողների՝ «Լույս» համայնքի հիմնադիր, հայ բարերարների համար, որոնց նախաձեռնությամբ և նվիրաբերումով էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վեր հառնեց, նախկինում, նույն տեղում գտնվող ավերված եկեղեցու վայրում: Տոն էր Կուբանի վաստակավոր ճարտարապետ Լևոն Ավալյանի համար. իր նախագծած եկեղեցին, որը Բուլղարիայում կայացած միջազգային մրցույթում ներկայացված շուրջ վեց հարյուր կառույցներից ամենագեղեցիկը համարվող քսանհինգ կառույցներից մեկն է, պիտի օծվեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված մյուռոնով։ Տոն էր Մայր Աթոռից ժամանած Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ընդունող Հարավային Ռուսաստանի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մովսես Սրբազանի համար, հարակից քաղաքների Հայ Առաքելական եկեղեցու քահանաների և հատկապես օծվող եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կոմիտաս քահանա Հարությունյանի համար:

Եկեղեցու սյուների օծումը կատարվեց Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջին առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի աղոթքներով ու ձեռամբ:

«Բաց մեզ Տեր» աղոթում էին ներկաները և եռազարկ ազդարարումից հետո, սուրբ խորանի բացված վարագույրից ներս, մանուկ Հիսուսին գրկած Սրբուհի Աստվածածնի անուշ սրբապատկերի առաջ, հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո շարականներ առաքում երկինք:

Եկեղեցու նախշազարդ պատերի ներսում խունկի բույրին էին խառնվել հայ հավատավորների սրտից բխած աղոթքների թրթիռներն առ բարեխոսություն ամենայն հայոց լուսավորիչ հայրապետի, ում ճգնության վայրից, Խոր Վիրապից բերված մասունքն առկա է եկեղեցում:

Ուխտավորներից շատերը գիշերակաց աղոթքներով դիմավորեցին տերունական օրվա լուսաբացը և առավոտյան նորաօծ վեհաշուք եկեղեցում մասնակից եղան սուրբ և անմահ Պատարագին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը նշանակալից երևույթ է այսօրվա հայրենիքից հեռու ապրող հայի համար, առիթ է ևս մեկ անգամ վերաարժևորելու և հոգու խորքում ամրապնդելու առաքելահաստատ եկեղեցու հավատամքը, վկայություն է հիշեցնելու մեզ Լուսավորիչ Հոր աղոթքը հայոց ազգի համար և հավաստիք է, որ Քրիստոս Հիսուսը պահապան է մեր ազգին՝ Սուրբ Աստվածածնի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ: