Նորություններ

2022-08-06 | ՀԵՀԵՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ 2022

Հուլիսի 6-ին մեկնարկեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը, որն անցկացվում է ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում են մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ պատվել են ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև՝ Կ Պոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչ Հոգեշնորհ Հարություն վարդապետ Տամատյանը։

Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսեսյանի օրհնությամբ, Տեր Գևորգ քահանա Միրզոյանի հոգևոր պատասխանատվությամբ և Լուսինե Բայաթյանի ատենապետությամբ՝ Թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց Միության տարբեր ծխերից շուրջ 20 երիտասարդներ իրենց մասնակցությունը բերեցին Համահայկական ուխտագնացությանը։

Ուխտագնացությունը մեկնարկեց առավոտյան աղոթքով, որից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը։ Այն վարելու համար հրավիրվել են ոլորտի մասնագետները։ Դասընթացը միաժամանակ ընթանում էր հինգ խմբերում։ Այն ներառում էր թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ։ Երիտասարդները միասին կառուցեցին ակնկալիքների ծառը։

Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» թեմաներով։ Երիտասարդներին խմբային առաջադրանքներ տրվեցին, որոնց միջոցով նրանք վերհանեցին իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկեցին։

Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։

Հայրապետական մաղթերգը շուրթերին երիտասարդները դիմավորեցին Հայոց Հովվապետին։ Ողջույնի և երախտիքի խոսք ասաց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Ուխտավոր երիտասարդների անունից խոսեցին Երազ Չաղլայանը՝ Կ Պոլսի Պատրիարքությունից, և Արշամ Արզումանը՝ Գերմանիայի Հայոց թեմից։

ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդն իր ուրախությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհի տարբեր ծայրերից այդքան հայորդիների համախմբման առիթով և հույս հայտնեց, որ Հայոց Հովվապետի օրհնությամբ նրանք առավել եռանդով կլծվեն իրենց հայրենաշեն և եկեղեցաշեն  առաքելությանը։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց՝ համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ընհատված այս գեղեցիկ ավանդույթի վերականգնման առիթով։ Նորին Սրբությունը հորդորեց առավելագույնս հաղորդ դառնալ հայրենի իրականությանը, հետպատերազմյան մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե վհատության և հուսալքության պատճառ պիտի լինեն, այլ հարկավոր է նորովի գոտեպնդվել՝ աղոթքով ու գործով միասնաբար լծվելու բոլոր խնդիրների հաղթահարմանը։ Ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցներին։

Մայր Աթոռից երիտասարդները շարժվեցին դեպի Եռաբլուր։ Այստեղ միասնական աղոթք բարձրացվեց «Վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։ Ուխտավոր երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։

Երիտասարդները ուխտավորաբար եղան Հայաստանի այլ սրբավայրերում՝ այցելեցին Սևանավանք և Վազգենյան հոգևոր դպրանոց։ Նաև ունեցան զբոսանք Սևանա լճով։

Հուլիսի 10-ին Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցում ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Այնուհետև բոլոր երիտասարդներին վկայականներ հանձնվեցին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը մասնակցության համար։ Շնորհակալագրեր տրվեցին  ուխտագնացությանն իրենց մասնակցությունը բերած թեմակալ առաջնորդներին և հոգևորականներին, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի երկօրյա դասընթացի բոլոր դասընթացավարներին։

«ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի խնջույքով և համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի հայտնի երգիչների և պարային խմբեր:

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին