Նորություններ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ | 2017-09-22


Նոյեմբերի 28-29-ին Հարավային Ռուսաստանի հայկական կյանքում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի և ՌՀՄ երկրամասային բաժանմունքի աջակցությամբ կազմակերպեց «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողով։ Համաժողովին ներկա էին նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ջ. Գյուլամիրյանը, Կրթության և գիտության նախարարության ԿԱԻ մասնագետ Թամարա Թովմասյանը, Երևանի «Զանգակ» և «Էդիտ-պրինտ» հրատարակչությունների տնօրեններ Սոկրատ Մկրտչյանը և Մկրտիչ Կարապետյանը, Հարավային Թեմի «Վարդանյան» կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս Թաշջյանը, Թեմի կրթական բաժնի պատասխանատու Տեր Գևորգ Միրզոյանը, Կրասնոդարի ս. Սահակ ս. Մեսրոպ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դանիել Կուկույանը, ՌՀՄ երկրամասային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը, և Մոսկվայի, Ռոստովի, Օմսկի, Վլադիմիրի, Ստավրոպոլի, Կրասնոդարի մարզերից եկած 50 մանկավարժներ։
Համաժողովը բացվեց աղոթքով և ՌԴ ու ՀՀ օրհներգերով, որին հետևեցին Սփյուռքի նախարարի և Հարավային Թեմի Առաջնորդի հղած ողջույնները։ Ստեփան Պետրոսյանի և Գագիկ Գյանջումյանի կառուցողական զեկուցումները նախարարության անելիքների, հորիզոնական և ուղղահայաց կապերի զարգացման, համահայկական ծրագրերի մեխանիզմների կատարելագործման, հայեցի կրթության խթանման և բազմաթիվ այլ էական խնդիրների մասին էին։ Մեկօրյա դպրոցների, հանրակրթական դպրոցներում ունեցած դասաժամերի, խմբակային պարապմունքների և հայեցի կրթության այլ օղակների, ուսումնական նյութերի, ուսուցման մեթոդների, ուսուցչի դերի մասին ծրագրային զեկուցումներով հանդես եկան Ջուլիետա Գյուլամիրյանը, Թամարա Թովմասյանը, Սոչիի քաղաքապետարանի հայոց լեզվի տեսուչ Ռոզա Կոչկանյանը, և «Արմատ» դպրոցի ուսմասվար Երազիկ Հարությունյանը։ Տեր Գևորգ Միրզոյանը խոսեց Սփյուռքում հայ պատանու և երիտասարդի ինքնության պահպանման գործում հայ առաքելական եկեղեցու անգնահատելի դերի մասին։
Երկրորդ օրը «Արմատ» դպրոցի նախասրահում բացվեց Սփյուռքի նախարարության ստեղծած շրջիկ «Հայաստան՝ հավերժական իմ սեր» ցուցահանդեսը։
Չորս նիստերի ընթացքում մանկավարժները ներկայացրին իրենց հեղինակած ծրագրերը, ուսումնական ձեռնարկները, խոսեցին հայեցի կրթության առանձնահատկությունների, հայերենը որպես երկրորդ (ոչ մայրենի) լեզու դասավանդման նրբությունների, նորագույն ինտերակտիվ մեթոդների կիրառման, գեղարվեստական միջոցառումների դերի և այլ թեմաների շուրջ։ Գունագեղ վարպետության դասեր ներկայացրին Վլադիմիրի «Հայոց տուն» դպրոցի տնօրեն Գայանե Գևորգյանը, Մոսկվայի «Նռան հատիկներ» ընտանեկան ակումբի հիմնադիր Գայանե Աղայանը, «Արմատ» դպրոցի, «Արմատ» կրթական ծրագրի համահեղինակ Կարինե Կատանյանը, Անապայի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Կարինե Փիլոյանը, ՌՀՄ երկրամասային բաժանմունք կրթության բաժնի պատասխանատու Կարինե Եսայանը և այլոք։
Մի շարք գործիչներ, արժանացան պարգևների. Ռազմիկ Գևորգյանը՝ Սփյուռքի նախարարի ոսկե մեդալի, Երազիկ Հարությունյանը՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, Մեքսիդա Հովհաննիսյանը, Կարինե Կատանյանը և Կարինե Սարգսյանը „Մայրենիի պաշտպան” մեդալի։ Երկու օրվա լարված նիստերը ամենևին չհօգնեցրին մասնակիցներին, աշխույժ և հետաքրքիր քննարկումները նոր լիցք էին հաղորդում, ակնարկում նոր նախաձեռնություններ, մղում նոր վերելքների։
Համաժողովի ընդունած բանաձևը շոշափում էր Սփյուռքի հայկական կրթությանը հետաքրքրող բոլոր ոլորտները և մատնանշում դժվարությունների հաղթահարման ուղիներ։ Համաժողովն ավարտվեց «Արմատ» դպրոցի աշակերտների, ուսուցիչների, և «Նարեկ» համույթի կազմակերպած համերգով, որի հայրենասիրական ոգին հուզեց և ոգևորեց բոլոր պատգամավորներին։

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին