Նորություններ

2018-01-20 | ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ | ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ | 20-ԱՄՅԱԿ

2017թ. Հարավային Ռուսաստանի Հայոց թեմը նշեց իր հիմնադրման 20-ամյակը: Այսօր թեմը ներառում է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Հյուսիսային Կովկասը, Աբխազիայի և Ադիգեայի Հանրապետությունների հայկական եկեղեցիները: Թեմի 20-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները չունեին իրենց նախադեպը: Եթե 2007թ. թեմի հիմնադրման 10-ամյա հոբելյանը նշվեց միայն ք.Կիսլովոդսկի Սբ. Վարդան եկեղեցում, ապա այս անգամ տոնախմբության ավետման լույսեր վառվեցին մեկ առ մեկ գրեթե բոլոր եկեղեցիներում՝ լուսավորելով ողջ թեմը: Տոնակատարությունները սկսվեցին Անապայի Հայկաձոր գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Մայիսի 28-ին եկեղեցու օծման առաջին տարելիցին պատարագիչը արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Միրզոյանն էր, նույն օրը՝ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի ձեռամբ օծվել է թեմի հիմնադրման 20-ամյակին նվիրված խաչքար և Հայկ Էվոյանը ձեռնադրվել է դպիր: Մովսես Սրբազանը իր խոսքում ներկա հավատացյալներին շնորհավորեց Հարավային Ռուսաստանի թեմի հոբելյանի առիթով, շնորհակալություն հայտնեց Հայկաձոր գյուղի հոգևոր-կրթական կենտրոնի, Սբ. Գևորգ եկեղեցու կառուցման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: Կոչեց Անապայի և հարակից շրջանների բնակիչներին համախմբվել Սուրբ եկեղեցու շուրջ:

Տոնի ուրախությունը շուքով ընդունվեց Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հուլիսի 1-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները բերվեցին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի հնագույն եկեղեցի (օծվել է 1843թ.): Սուրբ և անմահ պատարագը մատուցեց արժանապատիվ Տ. Հարություն ավագ քհն. Բայադյանը: Հավարտ սբ. պատարագի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի, Գրիգորյան Ադելինայի ղեկավարությամբ տեղի ունեցավ հոգևոր երաժշտության երեկո: Ունկդիրները ճաշակեցին և մեծ ոգևորությամբ վայելեցին հոգևոր շարականներն ու երգերը:

Օգոստոսի 20-ին տոնական միջոցառումներ անցկացվեցին թեմի հարավային սահմանում՝ գյուղ Նյուգդիում՝ Ադրբեջանի և Դաղստանի սահմաններում: Չնայած, որ վաղուց այստեղ հայեր չեն ապրում, այնուամենայնիվ, Դերբենդի համայնքը իր հոգատար խնամքի տակ է պահում Սբ. Գրիգորիս եկեղեցին: Տարվա ընթացքում այստեղ մի քանի անգամ մատուցվում է սուրբ և անմահ պատարագ: Սբ. Գրիգորիս եկեղեցում, թերևս թեմի հնագույներից, այդ օրը արժ. Տ. Խաչատուր և արժ. Տ. Սեդրակ քահանաները մատուցեցին պատարագ, օծվեց խաղողը և մանուկներ մկրտվեցին:

Տոնակատարությունների լույսը օգոստոսի 24-ին սփռվեց Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում: Սբ. Սարգիս եկեղեցում պատարագիչը արժ. Տ. Կոմիտաս քհն. Հարությունյանն էր: Հավարտ պատարագի թեմի առաջնորդ Գրշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը օծեց եկեղեցու նորակառույց զանգակատունը, ապա խոսեց տոնի վերաբերյալ: Տոնակատարությունն ավարտվեց թեմի տարբեր քաղաքներից եկած մանկական խմբերի կազմակերպած համերգով:

Օգոստոսի 27-ին ք. Կիսլովոդսկում մեծ շուքով նշվեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի 20-ամյակն ու Սբ. Վարդան եկեղեցու 20-ամյակը: Սուրբ և անմահ պատարագ մատուցեց արժ. Տ. Խաչատուր քհն. Եղիազարովը: Մովսես Սրբազանը օծեց Գրիգոր Նարեկացու սրբապատկերը: Հավարտ պատարագի թեմակալ առաջնորդը քարոզ խոսեց հայ ժողովրդի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միասնության ուժի մասին, ինչպես նաև քրիստոնեական սիրո մասին այլ քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների նկատմամբ, այն, ինչ հայերն ունեցել են նույնիսկ պատերազմի տարիներին, փորձություններից հետո էլ պահել են մարդկային դեմքն ու բարեգթությունը հակառակորդի նկատմամբ: Վերջում կայացավ տոնական համերգ՝ ավելի քան երեք ժամ տևողությամբ: Համերգից առաջ ելույթ ունեցան Ստավրոպոլի երկրամասի իշխանության ներկայացուցիչներ, Երկրամասային Դումայի պատգամավոր Ա.Գ. Թորոսյանը, Քաղաքային Դումայի նախագահ Լ.Ն Վոլոշինան, Ստավրոպոլի երկրամասի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գ.Մ. Սաֆարովը: Տոնական միջոցառումներն ավարտվեցին գեղեցիկ հրավառությամբ:

Հաջորդ օրը ք. Եսենտուկիում օծվեց երկու խաչքար: Առաջին խաչքարը, որ տեղադրվել էր 1992թ. քաղաքի այգում և վրան գրված է եղել «Նվեր Եսենտուկիի քրիստոնյաներին», որոշ ժամանակ անց քանդվել է և անհայտացել: Եկեղեցու կառուցման ժամանակներից Սբ. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տ. Գյուտ քհն. Ղահրամանյանը նպատակ էր դրել և գտել Խաչքարը մի հայի տան բակում, ով խնամել էր խաչքարը: Վերականգնված խաչքարը՝ իր վերքերով, օծվեց ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գրշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի, և ստացավ եկեղեցու բակում երկրոդ սուրբ կյանքը: Երկրորդ խաչքարը նվիրվել է Արցախի սուրբ հողի համար նահատակվածների հիշատակին:

Սեպտեմբերի 28-ին ք. Կրասնոդարի առաջնորդանիստ Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու տարածքում կայացան հիմնական տոնական միջոցառումները: Սուրբ և անմահ պատարագը մատուցեց արժ. Տ. Դանիել քհն. Կուկույանը: Հավարտ պատարագի ձեռամբ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի ձեռնադրվեցին Սուրբ Սեղանի երկու դպիրներ: Արևամուտին սկսվեց տոնակատարության մշակութային մասը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գրշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: Իր խոսքում Սրբազան Հայրը հիշեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի կազմավորման և ձևավորման պատմական հիմքերը, աղոթքով հիշեց բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել թեմի կայացման մեջ, շնորհակալություն հայտնեց Տեր Հիսուս Քրիստոսին, որ Բարձրյալ Տերը շնորհել է մեր եկեղեցուն: Վերջում Սրբազան Հայրն իր օրհնանքը բաշխեց ներկա բոլոր հավատացյալներին և մասնական աղոթք բարձրացվեց Առ Աստված ի բարօրրություն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու: Միջոցառումները շարունակվեցին տոնական համերգով, որին մասնակցեցին քաղաքի երկու եկեղեցիների երգչախմբերը, Կրասնոդարի պարային համույթներ «Նարեկը», «Արին-Բերդը», ինչպես նաև Երևանից հատուկ ժամանած Օպերա-Վիվա խումբը, «Արմատ» դպրոցի սաները և այլ դերասաններ ու երաժիշտներ: Կայացավ արժ. Տ. Գևորգ քհն. Միրզոյանի, թեմի երիտասարդական միության անդամների և Օպերա-Վիվա խմբի սոլիստների մասնակցությամբ ձայնագրված «Էրեբունի-Երևան» տեսայերիզի պրեմիերան լայն էկրանի վրա:

Շուտով կհրապարակվի պատկերազարդ ալբոմը՝ նվիրված Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի 20-ամյակին:

Մինչև տարեվերջ, դեռ կշարունակվեն հոբելյանական միջոցառումները թեմի տարբեր ծխերում:



Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին