Նորություններ

Ուսուցանելու, կրթելու և դաստիարակելու համար ուսուցիչը ինքն էլ պետք է անընդմեջ ուսանի և զարգանա։ Ամեն ինչ իմանալ հնարավոր չէ, սակայն կրթողը պետք է ամեն ինչից տեղյակ լինի, որպեսզի կարողանա համոզել աշակերտին և հեղինակություն դառնալ նրա համար, այլապես ժամանակակից ինքնավստահ և ըմբոստ պատանին երբեք չի դառնա լսող և կրթվող սանիկ։
Այս օրապահանջ սկզբունքի հետ միասին Սփյուռքի հայկական դպրոցի ուսուցչի պարտականությունների ցանցը ստվարանում է այլևայլ հոգևոր և ազգանպաստ առաջնահերթություններով։ Եվ մայրենիի ուսուցիչ լինելը Սփյուռքում դառնում է սրբազան ծառայություն, անշահ ու նվիրական առաքելություն։
Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի կրթության բաժինը՝ հայոց լեզվի ուսուցիչների Առաջին Թեմական Խորհրդակցության շոշափած հարցերի և առաջադրած խնդիրների ուսումնասիրման արդյունքում, մշակեց որոշ կարևոր ծրագրեր։ 2018 թ. Փետրվարից, օրհնությամբ թեմակալ առաջնորդ գրշ. Տեր Մովսես եպս. Մովսեսյանի, մեկնարկել է փորձի փոխանակման «Դասավանդում եմ հայրենագիտություն» ծրագիրը։ Փետրվարի 2-5-ը Թեմի «Արմատ» դպրոցը ընդունեց առաջին հյուրերին։ Եդեսիայի հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության բազմամյա ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանը և Պյատիգորսկի թիվ 18 հանրակրթական դպրոցի հայրենագիտության ուսուցիչ Գոհար Առուստամյանը ներկա եղան մանկավարժներ Ե. Հարությունյանի, Մ. Հովհաննիսյանի, Ա. Երեմյանի, Գ. Մխիթարյանի դասերին, ծանոթացան դպրոցի «Կոմիտաս», «Այվազովսկի» և «Արամ Խաչատրյան» ստուդիաների աշխատանքներին, ծանրաբեռնվեցին տպավորություններով, պատմեցին իրենց աշխատանքի, հաջողությունների և դժվարությունների մասին։ Մանկավարժական թեմաներով բազմաթիվ քննարկումների և երկարատև ասուլիսների արդյունքում վեր հանվեցին բազմաթիվ հասունացած և լուծում պահանջող խնդիրներ, որոնք կներկայացվեն գարնանը կայանալիք Երկրորդ Թեմական խորհրդակցությանը և կորոնվեն լուծման ուղիներ։
Նման հանդիպումները և ինքնարտահայտման հնարավորությունները փոխադարձաբար հարստացնում են մտավորականներին, ոգևորում իդեալների և տեսլականի միասնությամբ, մղում ստեղծագործական վերելքների։