Նորություններ

Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Արմավիր քաղաքի Վերափոխումն Սուրբ Աստվածածնի Եկեղեցու հոգևոր հոտի՝ հատկապես երիտասարդության, ամենասիրելի տոներից են Սուրբ Սարգիսն ու Տեառնընդառաջը, որոնք ամեն տարի տոնվում են մեծ շուքով: Բացառություն չէր նաև այս՝ 2018 թվականը: Թե՛ Սուրբ Սարգսի և թե՛ Տեառնընդառաջի նախատոնակին մեր եկեղեցու հյուրընկալ գավիթում գերակշռող մեծամասնությունը հենց երիտասարդությունն էր:
Ինչպես Սուրբ Սարգսի, այնպես էլ Տեառնընդառաջի ժամանակ եկեղեցական կարգի համաձայն` տոների նախօրեին` հունվարի 26-ին և փետրվարի 13-ի երեկոյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն:
Տեառնընդառաջի տոնը խորհրդանշում է Քրիստոսի քառասունօրյա մուտքը տաճար: Ըստ սրբազան ավանդության, Հիսուսի ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, որպես ավանդապահ ընտանիք, հետևելով Մովսիսական օրենքին, ծննդից 40 օր անց իրենց անդրանիկ զավակին տանում են տաճար, որպեսզի ընծայաբերեն Աստծուն: Համաձայն եկեղեցական մի ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է:
Այդ օրվան նվիրված ժամերգության շարականներն ու տաղերը Քրիստոսին գովերգում են որպես «Լույս ի լուսո, ճառագայթ փառքերի, հուր կենդանի»: Դրա համար եկեղեցական արարողությունից հետո հավատացյալները վառած մոմեր են տանում տուն՝ դրանով լուսավորելու իրենց օջախները:
Մեր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մակար ավագ քահանա Տերտերյանը ևս իր քարոզում ընդգծեց, որ մենք բոլորս կարիք ունենք «Լույս Քրիստոսի ներկայությանը», որպեսզի նրանով ջերմանանք, նրանով լուսավորվենք և նրանով կարողանանք մեզանից վանել ու հեռացնել ամեն տեսակի աղտեղություն: Բոլորս կարիք ունենք Լույս Քրիստոսի, մեր հավատքի Զորագլխին՝ Նրանով զորացնելու ստեղծագործական մեր կյանքն ու շարունակելու հայ քրիստոնյայի մեր առաքելությունը: Բոլորս պիտի ընդառաջ գնանք Տիրոջը, չպետք է սպասենք, որ Տերը գա դեպի մեզ: Տերն ասում է՝ ես դռան ետևում կանգնած եմ, ով որ բացի՝ ներս կմտնեմ: Ուրեմն, մենք պետք է բացենք մեր հոգու դռները, որպեսզի Տերը գա մտնի մեր հոգու մեջ, հաղորդակից դառնա մեր աղոթքներին ու իրականացնի մեր խնդրանքները:
Այնուհետև, Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին, կատարվեց Անդաստանի արարողություն՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչը ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Հետո եկեղեցու կանթեղից վերցված օրհնված կրակով եկեղեցու բակում հոգևոր դասի ներկայացուցիչները եկեղեցու քավորի հետ միասին վառեցին նախապես պատրաստած խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, օրհնվեցին նաև օրվա տոնի կապակցությամբ պատրաստած «քաղցր» սեղանները՝ ավանդական աղանձով:
Հուրհրացող կրակի բոցերը՝ միախառնվելով հայկական երգի ու երաժշտության դյութիչ ելևէջներին՝ ջերմացրին փետրվարյան սառնաշունչ երեկոյի մթնոլորտը: Ծայր առավ համընդհանուր տոնական խանդավառությունը: Հիմնականում երիտասարդ հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցու բակը, չնայած տեղացող անձրևին, վերածվեց միասանական պարահարթակի: Հուրհրացող խարույկն օղակող շուրջպարը չդադարեց այնքան ժամանակ, մինչև որ կրակի լեզվակները քիչ հանդարտվեցին՝ հնարավորություն ընձեռելով տոնի մասնակիցներին թռչելու կրակի վրայով:
Խարույկն արդեն վաղուց վերածվել էր շիկացած մոխրակույտի, սակայն երգն ու պարը դեռ շարունակվում էր՝ հորդացող անձրևի շիթերի ուղեկցությամբ…