Նորություններ

2018-02-28 | «ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ

Թեմի «Արմատ» դպրոցում շարունակում է իրականացվել փորձի փոխանակման «Դասավանդում եմ հայրենագիտություն» ծրագիրը։ Փետրվարի 9-11-ը «Վարդանյան» կենտրոնում հյուրընկալվեցին Պյատիգորսկի Պետական համալսարանի Հայ մշակույթի կենտրոնի հայոց լեզվի և մշակույթի փորձառու ուսուցչուհի Սիլվա Սանամյանը, նույն կենտրոնի կազմակերպիչ, երիտասարդ գիտնական Նարինե Ավանեսյանը և Եսենտուկիի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու «Զարթոնք» կիրակնօրյա դպրոցի հիմնադիր-տնօրեն Լուսինե Ղահրամանյան-Ներսիսյանը։ Առաջին օրը մանկավարժների խումբը հանդիպեց կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս ավագ քահանա Թաշջյանի հետ, ունեցավ երկարատև և ջերմ զրույց հայեցի կրթության խնդիրների և առաջնահերթությունների մասին, ապա՝ դպրոցի ուսմասվար Երազիկ Հարությունյանի ուղեկցությամբ անցավ դասալսումների։

Հյուրերը ներկա եղան վարպետության դասերի՝ «Մեծ Մհեր», «Փոքր Մհեր», «Ուրարտու», «Խաչքար», «Կոմիտաս», «Այվազովսկի» և «Արամ Խաչատրյան» միավորումներում, ծանոթացան ուսուցիչների կողմից կրթական նորարական մեթոդների կիրառմանը, սանիկների եռանդին, ունակություններին, հայրենի մշակույթի նկատմամբ ձևավորվող ակնածանքին։ Երեկոյան նրանք մասնակցեցին «Մեծ Մհեր» դասարանի աշակերտների կազմակերպած «Հայ բանաստեղծների սիրո երգերը» գրական երեկոյին, հիացան երիտասարդների ասմունքով ու երգով, արտասանեցին, վերլուծումներ ծավալեցին։ Տպավորիչ էին ոչ միայն հայ քնարերգության գոհարների վերարտադրումները, այլև դպրոցի ավագ խմբերի ստեղծագործող երիտասարդների թոթովանքները։

Երկրորդ օրվա ծանրաբեռնված ժամանակացույցը ներառում էր բազմակողմանի քննարկումներ ու ասուլիս և ավարտվեց «Հայաստանի ձայն» համահայկական նախագծում հաղթանակի հավակնորդ Քրիստինա Խալատովայի մենահամերգի ունկնդրմամբ։

Հարևան երկրամասից ժամանած ուսուցիչները մեկնեցին գոհ, լցված նոր ծրագրերի, ոգևորիչ նախագծերի և գալիք հանդիպումների տեսլականով։




       

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին