Ուղարկել



Ի՞նչ է Սուրբ Երրորդությունը:

Ինչպես որ արեգակն ունի լույս, ճառագայթ և ջերմություն և այս երեքով միասին է արեգակ, Ճիշտ այդպես էլ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստվածության երեք անձեր են և երեքով միասին մեկ ամբողջություն են: Սա է ապացուցում նաև Հիսուս Քրիստոս՝ նշելով երեք անձերի և ասելով, որ Հայրը մեկ այլ Մխիթարիչ պիտի ուղարկի՝ Սուրբ Հոգին, որը կուսուցանի առաքյալներին և կհիշեցնի իր ասածները (Հովհ. 14:26): Բացի դրանից Ծննդոց գրքում՝ եբրայերեն բնագրում, «Աստված» բառը հոգնակի թվով է, իսկ նրա հետ գործածվող բայը՝ եզակի, ինչը ևս ցույց է տալիս երեք աստվածային անձերով մեկ աստվածությունը: Եսայու մարգարեության մեջ ևս ակնարկ կա Սուրբ Երրորդության : Սերովբեները, փառաբանելով Աստծուն, երգում են «Սու՛րբ, սու՛րբ, սու՛րբ է Զորությունների Տերը» (Եսայի 6:3): Եվ ըստ մեկնության՝ յուրաքանչյուր «սուրբ» բառը ասվում է Սուրբ Երրորդության յուրաքանչյուր անձի համար, և մարգարեության այս հատվածը հիշվում է նաև սուրբ Պատարագի երգեցողության մեջ: Նման փառաբանություն կա նաև Հայտնության գրքում, որտեղ երկնային զորությունները օրհնաբանության մեջ գործածում են «սուրբ» բառը 9 անգամ՝ երեքական «սուրբ» բառը Սուրբ Երրորդության յուրաքանչյուր Անձի համար (Հայտնություն 4:8): Եվ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Ինքը տվեց Սուրբ Երրորդության բանաձևը՝ ասելով. «Մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով (Մատթևոս 28:19), երեքի համար գործածելով անուն բառի եզակի ձևը, ցույց տալով Երրորդության մեկ աստվածություն լինելը: Եվ քանի որ որպես մեկ աստվածության Անձեր նշվում են երեքը, ապա այստեղից էլ հետագայում առաջացել է Երրորդության տերմինը:

Սիրով և աղոթքով Տեր Գևորգ քհն. Միրզոյան


Ինչպե՞ս աղոթեմ, որ Աստված ինձ լսի:

Լինել քրիստոնյա՝ նշանակում է աղոթել, այսինքն՝ հոգեկան և իմացական հաղորդակցության մեջ լինել Աստծո հետ: Մեր հաղորդակցությունը լիակատար չի լինի Աստծո հետ, եթե մեր սիրտը չբացենք նրա առջև և մեր խնդրանքը կամ աղաչանքը չհայտնենք. ահա աղոթքն է մեր խոսքը դեպի Աստված, որով մենք բարձրանում ենք հոգով դեպի նրան և հաղորդակցվում Նրա հետ: Մեծ բարիք է աղոթքը, եթե այն լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս խնդրածը, այլև՝ չստանալիս: Աստված մեր աղոթքը միշտ լսում է, անկախ ամեն ինչից: Եթե Աստծուց մեր խնդրանքը չենք ստանում, դա չի նշանակում, որ Աստված մեզ չի լսում: Երբեմն մեզ համար օգտակար է աղոթքի պատասխանը չստանալը կամ ուշանալը: Չպետք է տրտնջալ խնդրածն ստանալու ուշացման համար, այլ ցուցաբերել մեծ համբերատարություն և կամք: Նորից անդրադառնում եմ վերը նշված իմ այն խոսքին, որ Աստված միշտ լսում է մեր աղոթքը և գիտե, թե ինչ է մեզ անհրաժեշտ: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին: Երբեմն ծնողն էլ մերժում է իր զավակի խնդրանքները, ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել: Մեր խնդրանքը ստանալը կախված է, առաջին՝ այն բանից, թե մենք արժանի ենք ստանալու, երկրորդ՝ թե մենք աղոթում ենք Աստծո օրենքների համաձայն, երրորդ՝ թե աղոթում ենք անդադար, չորրորդ՝ թե առօրեական բան չենք խնդրում, հինգերորդ՝ թե մեր կողմից կատարում ենք՝ ինչ հարկ է, և վերջապես՝ թե օգտակար բան ենք խնդրում: Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր խնդրում, չլսվեց. «Եվ դրա համար, — ասում է առաքյալը, — երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ.Կորնթ.12:8-9): Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպատասխան չի մնում Աստծուց: Եվ ինչպես Հակոբ Մծբնա հայրապետն է ասում. «Ծածուկ աղոթիր քո սրտում և փակիր սրտիդ դռները»: Աղոթքի համար այնքան բառերը կարևոր չեն, որքան միտքը, ոչ այնքան ձեռքերի շարժումներն են պետք, որքան հոգու լարվածությունը, ոչ այնքան մարմնի դրությունն է կարևոր, որքան հոգու տրամադրությունը: Այդպես Աննան, Սամվելի մայրը, լսելի եղավ ոչ այն պատճառով, որ արտասանեց պերճ ու բարձրագոչ բառեր, այլ որովհետև շատ բաներ ոգեկոչեց ամբողջ սրտով. «Ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան» (Ա.Թագ.1:13) Բարձրյալ Տերը միշտ լսում է մեր խնդրանքը, որովհետև ամենամեծ աղոթքը դա «Հայր մեր» աղոթքն է, որը մեզ ավանդվեց մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից: Պահիր միշտ մտքիդ մեջ Եզնիկ Կողբացու խոսքը. «Ապրիր հավատով, աղոթիր հույսով և աշխատիր սիրով»:

Սիրով և աղոթքով Տեր Գևորգ քհն. Միրզոյան


Ո՞վ չի կարող լինել կնքահայր տվյալ անձի համար:

Ձեր այս հարցը շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրիս համար, որովհետև երբեմն առ երբեմն մարդիկ, ընկնելով ինչ-որ խնդիրների հետևից, մկրտության խորհրդի մեջ իրենց շահն են փնտրում՝ շատ անգամ նաև փորձելով իրենց երեխայի կամ հարազատի համար ընտրել կնքահայր, ով նույնիսկ եկեղեցու անդամ չէ: Շատ կարևոր է դավանանքի հարցը, որպեսզի և′ մկրտվողը, և′ կնքահայրը լինեն նույն եկեղեցու անդամ: Քանի որ մկրտությունը վերստին ծնունդ է մեզ համար, և մեր վերստին ծնունդը մկրտության ավազանից է, հետևաբար պարտադիր է, որպեսզի կնքահայրն էլ ընկղմված լինի նույն ավազանի մեջ, և կնքահայրը, ունենալով որոշակի հոգևոր փորձառություն և հարստություն՝ Սուրբ գրքից, դավանանքից, իր ունեցած գիտելիքները պետք է փոխանցի իր սանիկին: Իսկ դրա համար պետք է լինել նույն եկեղեցու անդամ: Կնքահայր չեն կարող լինել անչափահաս մարդիկ, մոտ հարազատները՝ հայրը, եղբայրը, ինչպես նաև չմկրտված անձնավորությունը չի կարող եկեղեցում ստանձնել կնքահոր պարտականությունը:

Սիրով և աղոթքով Տեր Գևորգ քհն. Միրզոյան


Ի՞նչ անուններով է հայտնի Հայաստանը Աստվածաշնչում:

Հայաստանը Աստվածաշնչում հայտնի է Արարատյան թագավորություն և Թորգոմի տուն անուններով: Հավելյալ գրում եմ Աստվածաշնչի մեջ այն գրքերի համարները, որտեղ նշված են տվյալ անունները. Ծննդոց 10:3. Դ Թագավորություններ 19:37. Երեմիայի մարգարեություն 51:27. Եզեկիելի մարգարեություն 27:14. Եզեկիելի մարգարեություն 38:6. Ավելացնեմ նաև այն, որ Գործք Առաքելոցի երկրորդ գլխի իններորդ համարում նշվում է նաև Հրեաստան բառը, որի մասին եկեղեցու հայրերից Տերտուղիանոսը և Օգոստինոսը ասում են՝ Հրեաստան բառը պետք է փոխարինել Հայաստան բառով:

Սիրով և աղոթքով Տեր Գևորգ քհն. Միրզոյան


Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին