ԵԿԵՂԵՑԻ /

ԿԱԹՈՂԻԿՈՍ



Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951 թ. Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում:
1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան:
1970 թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ:
1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգևոր ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան » առարկան:
1972 թ. , ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում:
1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում:
1979 թ. վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում:
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին` Առաջնորդական Փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս:
1989 թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
1992 թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներպալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն:
1990 թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում: 1990 թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ի: 1998 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ:
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց` նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում: Նորին Սրբությունը «Հայաստան » համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է, ՀԲԸՄ-ի հոգեբարձուների խորհրդի պատվո անդամ:
Նորին Սրբությանը շնորհվել է` 2000 թ. Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երեւանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2003 թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում:
Գարեգին Բ Հայրապետն առ այսօր պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն Ա կարգի «Բեթղեհեմ-2000 », Ռումինիայի ազգային բարձրագույն պարգևով` «Ռումինիայի աստղ » (2000), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն » 5-րդ աստիճանի (2001), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001) Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով (2004) և այլ շքանշաններով:

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին