ԹԵՄ /

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու առաջին թեմը ձևավորվել է XVIII դարի (1717թ) սկզբին, որի կենտրոնն եղել է քաղաք Աստրախանում և կոչվել է Աստրախանի թեմ։ Ռուսաստանի կայսրության տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները ներառվել են այս թեմի կազմի մեջ։

Ռուս-թուրքական Բալկանյան պատերազմի (1806-1812թթ) ժամանակ Ռուսաստանի կողմից գրաված տարածքում 1809թցարական հրամանով հիմնվում է Բեսարաբիայի հայկական թեմը՝ Յաշի կենտրոնով։ 1812թ Բուխարեստում կնքվում է խաղաղության պայմանագիր, համաձայն որի, Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած տարածքը մտնում է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ՝ որպես Բեսարաբիայի նահանգ՝ Քիշինև կենտրոնով։ Նոր թեմական կենտրոն է դառնում Քիշինևը, քանի որ Յաշին մնացել էր Օսմանյան կայսրության տարածքում։ Ցարական հրամանով 1830թ ապրիլի 30-ին թեմը վերակազմավորվում է՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի։ Աստրախանյան թեմից առանձնացվում և Բեսարաբիային են միացվում Դոնի, Ղրիմի, Մալոռոսիայի, Նովոռոսիայի, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի տարածքները։ 1895թ թեմական կենտրոնը Քիշինևից տեղափոխվում է Նոր Նախիջևան։

Աստրախանի թեմի կազմի մեջ են մնում Կովկասը,Պովոլժեն, Սիբիրն ու Միջին Ասիան։

Այսպիսով՝ ցարական Ռուսաստանի կայսրության տարածքում վերջին հարյուրամյակում կար երկու թեմ՝

  • Աստրախանի
  • Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղի են ունենում վարչական փոփոխություններ՝

  1. Բեսարաբիան մտնում է Ռումինական թագավորության կազմի մեջ, այդ պատճառով էլ Բեսարաբիա նահանգի հայկական եկեղեցիները միանում են Ռումինիայի հայկական թեմին.
  2. Նոր Նախիջևանի թեմը Դոնի Ռոստով կենտրոնով հասնում է մինչև Դոնի տարածք.
  3. Միջին Ասիան անջատվում է Աստրախանի թեմից և միանում Բաքվի Աթոռին, ինչի արդյունքում էլ ձևավորվում են Բաքվի և Թուրքիստանի թեմերը.
  4. Աստրախանի թեմի շրջանակներն ընդլայնվում են մինչև Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի տարածաշրջան և վերանվանվում Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմ։ Կենտրոն է դառնում Արմավիր քաղաքը:

Այսպիսով՝ Խորհրդային Ռուսաստանում մինչև 1950-60թթ եղել են հետևյալ հայկական թեմերը՝

  • Նոր Նախիջևանի թեմը, կենտրոնը՝ Դոնի Ռոստով
  • Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմը, կենտրոնը՝ Արմավիր։

1956թ Մոսկվայում վերաբացվում է գերեզմանատան Սուրբ Հարություն եկեղեցին, որը սկսում է գործել որպես առանձին ծուխ։

1962թ Սուրբ Էջմիածնի եկեղեցական-ազգային ժողովում Ռուսաստանի հայկական եկեղեցիները ներկայացվում են երկու առանձին ներկայացուցչի կողմից՝

  • Նոր Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի թեմ
  • Մոսկվայի ծուխ։

1966թ Նոր Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի թեմի և Մոսկվայի ծխի միացումից հետո Մոսկվան դառնում է թեմի կենտրոն, ձևավորվում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը։

1998թ հունվարի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հրամանով Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վերաձևավորվում է երեք թեմի՝

  • Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ, կենտրոնը՝ Մոսկվա
  • Հարավային Ռուսաստանի թեմ, կենտրոնը՝ Կրասնոդար
  • Ուկրաինայի թեմ, կենտրոնը՝ Լվով։

1998թ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ է նշանակվում Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։

2000թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Գարեգին Բ-ի Հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ առաջնորդ է նշանակվում Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը։

2009թ սեպտեմբերի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի կյանքում տեղի ունեցավ մեծ իրադարձություն՝ հանդիսավոր շուքով նշվեց առաջնորդարանի բացումը։


Սկզբնաղբյուրը՝ Աստվածաբանության դոկտոր, Եպիսկոպոս Եզնիկ Պետրոսյան։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» Հարավային Ռուսաստանի թեմ, Կրասնոդար, 1998թ։





Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին